Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին։
Քննարկմանը մասնակցել են նաև Իրանի նախագահի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզ Ազարը, Մավրիտանիայի սոցիալական հարցերի, երեխաների և ընտանիքի նախարար Սաֆիյա բինտ Ինտահը, Պաղեստինի սոցիալական զարգացման նախարար Սամահ Համադը, Լիբիայի սոցիալական հարցերի նախարար Վաֆա Աբու Բաքր Ալ-Քիլանին։
Նիստի ընթացքում ներկայացվել են ընտանիքների հզորացմանն ուղղված տարբեր երկրների քաղաքականությունները, քննարկվել առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքի դերը պետության զարգացման գործընթացում՝ նշելով, որ ՀՀ քաղաքականությունը շարունակում է ուղղված լինել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության խրախուսմանը, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնմանը։ Նախարարը շեշտել է նաև, որ այս տեսլականի իրականացման նպատակով մշակվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը, որով սահմանված գերակայություններից մեկն ուղղված է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը զուգահեռ նախատեսվում է ներդնել երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթաններ, ստեղծել մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայություններ՝ ստեղծելով կրթական և աշխատանքային ճկուն հնարավորություններ հղիության ու հետծննդաբերական շրջանում։
Այս համատեքստում նախարարը շեշտել է նաև ընտանիքների տնտեսական հզորացման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման ապահովման, էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը։