Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է․
Մեծագույն զորակցությունս վարչապետի տիկին Anna Hakobyan-ի՝ հասարակության կրթության քարոզարշավին ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերին
Իմ գիտակցական կյանքի բոլոր ժամանակներում չափազանց ըմբռնումով եմ մոտեցել բոլոր ժամանակներում ՀՀ նախագահների կամ թեկուզև քաղաքական գործիչների կանանց նախաձեռնություններին ու աշխատել եմ գնահատակններ չտալ։ Այդպիսին է եղել ՀՀ առաջին նախագահի տիկնոջ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների նկատմամբ իմ վերաբերմունքը, երբ համացանցը կամ հանրությունը ամենատարբեր գնահատականներն է տվել, երբեմն անխնա ծաղրել, հեգնել, երբ ինչ-որ մի բան արտառոց է եղել կամ նույնիսկ ծիծաղելի․․․
Պրակտիկան ցույց է տվել, որ մեծիմասամբ նրանք այլ ոլորտների մարդիկ են, ովքեր իրենց ամուսնու զբաղեցրած դիրքով պայմանավորված իրենց կամքից անկախ հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում, ու կրկին իրենց կամքից անկախ դարձել են առնվազն ինֆլուենսեր, փորձել են իրենց այդ նոր կարգավիճակում ինչ-որ բաներ անել, ինչ-որ նախաձեռնությունների սատարել՝ իրենց այդ կարգավիճակով ուժեղացնելով դա։ Այդպիսի կանայք խորը գիտելիքներ չեն ունեցել քաղաքականության աշխարհի մասին, նրա խարդավանքների, մանիպուլյացիոն ու այլ մեխանիզմներ մասին, ու թերևս պարտավոր էլ չէին, եթե անգամ քաղաքական հասունությունը ցանկալի համարեինք։ Նշված տիկնանց համեմատ մի փոքր տարբեր են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ու, հավանաբար, ավելի շատ՝ Նիկոլ Փաշինյանի կանայք, որոնք որպես լրագրողներ առնվազն մոտ են եղե քաղաքական լրատվությանը ամենօրյա ռեժիմով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանրային գործունեությունը նույնպես լայն քննարկման առարկա է մնում, հատկապես երբ նա չի խուսափում հնչող քննադատություններից, երբեմն անթույլատրելի գնահատականներից ու վիրավորանքներից, զրպարտություններից, չի ընկրկում այդ ամենի առաջ ու շարունակում է բավական մեծ ինտենսիվությամբ զբաղվել հանրային գործունեությամբ։
Այնպես չէ, որ ասում եմ, թե չի կարելի առաջին տիկինների գործունեությունը չքննարկել, չքննադատել կամ չողջունել։ Շատ տարբեր գնահատականները, որոնք չեն հատում վիրավորանքի կամ զրպարտության սահմանները, ընդունելի են ոչ միայն իմ, այլ վստահ եմ նաև տիկին Աննայի կողմից։ Ի վերջո, նրա բազում նախաձեռնություններից որոշ բաներ էլ կարող են իմ մոտ հարցեր հարուցել կամ հարուցած լինել։ Բայց դա նորմալ է։
Նրա նախաձեռնություններից հատկապես վերջինը՝ հասարակության ոչ ֆորմալ շարունակական կրթության, հանրային քննարկումների մշակույթի բարձրացման ուղղությամբ անվերապահորեն արժանացել են իմ և այլ ընկերների աջակցությանը և մենք ընդունել ենք նրա հրավերը ոչ միայն այն պատճառով, որ ինքներս էլ տարիներով դրանով ենք զբաղվում /մեր ղեկավարած հաստատությունների շրջանակում/, որ կրթություն ու գիտությունը մեր՝ նշյալ անձերիս բոլոր ժամանակների "թուլություններից" է ու շատ զգայուն ենք դրա հանդեպ, այլ որ հասկանում ենք, թե հանրային իրազեկման, կրթության արշավներին որքան մեծ իմպուլս կարող է տալ տիկին Աննա Հակոբյանը՝ դե ֆակտո առաջին տիկոջ իր ազդեցիկ կարգավիճակով․․․
Միայն խելագարն ու տհասը չեն ողջունի նման "նվերը"․․․
Արդեն տևական ժամանակ է, ինչ նկատում եմ, որ այդ արշավը մրոտելու, ձախողելու գործին լծվել են որոշ թերթերի, կայքերի խմբագիրներ։ Ըստ որում՝ առավել քան ցավալի է, որ նրանք կանայք են, մայրեր․․․
Երբեմն ուզում ես պատկերացնել, թե որքան պետք է մեծ լինի նրանց ատելությունը և նախանձը իրենց նման մի նախկին լրագրողի հանդեպ, որի ամուսնուն ավելի շատ ատում են ոչ թե պատերազմում տված կորուստների կամ վարած քաղաքականության համար, այլ որ ամեն առավոտ երեկո մեռնում-ետ են գալիս, թե ինչպես եղավ, որ ժամանակին իրենցից մեկը դարձավ երկրի առաջին դեմք, իսկ իրենց կոլեգան՝ առաջին տիկին․․․ Իսկ իրենք մի պատգամավորն ինչ է չդարձան․․․ Չէ՞ որ գիտենք, որ նրանցից ոմանք նախկին իշխանությունների հետ սիլիբիլի էին անում ու "քաղաքական ակտիվ հավաքում" պատգամավորական ցուցակներում հայտնվելու համար, այն էլ Նիկոլ Փաշինյանը սպանեց նրանց ապագան․․․
Բայց դառնանք այդ չարակամությանը ու չարությանը։ Լավ, անունով կին եք, մայր եք, դիպլոմ ունեք, որոշակի ստատուս եք ճանկել․․․ Դուք հո՞ դառը կորիզ չեք․․․ Դուք հո՞ դժբախտ սիրո պտուղ չեք․․․ Միթե՞ չեք մտածում, որ կողքից ամեն ինչ առավել քան տեսանելի է։ Միթե՞ մեկ միլիմետր տարածք կա թաքցնելու այն մոտիվացիները, որով դեմ եք արտահայտվում մի նախաձեռնության, որը հասարակության, երկրի օգտին է․․․ Դուք չե՞ք վախենում, որ մի օր կպայթեք, ինֆարկտ ու ինսուլտ կստանաք ձեր ներքին թարախից ու չարությունից․․․ Դուք չե՞ք վախենում ձեր վաստակած հանրային ատելությունից ու պարսավանքից․․․ Էլ ինչքա՞ն․․․
Ձեռքներդ կոտրվո՞ւմ է, որ ողջունեք այդ նախաձեռնությունը՝ որպես կին, երեխաների մայր, նախկին կոլեգա։ Ուղեղներդ մթագնո՞ւմ է այն պահին, երբ ինչ-որ լրագրող ձեր սեղանին է դնում այդ նախաձեռնությունը մրոտող խայտառակ անգրագետ տեքստ, ու դուք դա տեղադրում եք ձեր կայքում ու էջերում․․․
Այս ամենը ինձ ավելի մեծ ստիմուլ է տալիս հայտարարելու, որ հասարակության առաջընթացին դեմ այդ չարակամների, թշվառների, դժբախտների այսպիսի վարքագծից հետո ավելի մեծ չափով եմ ներգրավվելու վարչապետի տիկնոջ հատկապես վերոնշյալ նախաձեռնության մեջ։ Ի հեճուկս, ի ցավ ձեր սրտի՝ կպայթեք, կմեռնեք-ետ կգաք, այլևս էական չէ։ Դուք ինձ ստիպեցիք ավելի քիչ անտարբեր լինել այս նախաձեռնության հանդեպ։ Այո, իմ հասարակությունը արժանի է ու պետք է կիրթ լինի, քաղաքակիրթ լինի։ Կրթությանն ու գիտիլիքին հակված իմ հասարակությունը պետք է դրանք ստանա։ Որովհետև ես ուզում եմ, որ ես, իմ երեխան ապրենք այդպիսի հասարակության մեջ։
Տիկին Աննա, դուք այդ գործում միայնակ չեք լինելու։ Մենք չենք թողնելու, որ միայնակ մնաք կամ միայնակ անեք։