Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տպավորիչ օժիտ է….
Ու կրկին նույն հարցը տամ’ եթե Հայաստանի պաշտոնյանների անձնական տնտեսական աճն ու բարեկեցությունն այսքան տպավորիչ է, ու նախկինները գտնում են, որ շատ լավ երկիր են թողել, ինչու երկրի տնտեսական աճն ու բարեկեցությունը դրանց համաչափ չի եղել…

Ի վերջո ընդդիմադիրներն էին չէ ծաղրում, որ զինվորը նոր է «ելակ ուտում» (վստահ եմ, որ այսքան ունեցվածքի մեջ իրենք ելակի կարոտ չեն եղել), կամ որ Հայաստանում լիքը ճանապարհներ 50-60-30 տարի անց նոր էին ասֆալտ տեսնում (վստահ եմ’ իրենց տներ տանող ճանապարհները ասֆալտի կարոտ չէին) ու այսպես շարունակ…

Ի դեպ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մի քանի անշարժ գույքի սեփականատեր է դարձել վերջին տարիներին։

Այս մասին  տեղեկանում ենք պատգամավորի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Մկրտչյանը պատգամավոր է ընտրվել 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով։

Այսպիսով, 28-ամյա պատգամավորը հայտարարագրել է 6 անշարժ գույք։ Հետաքրքիր է՝ քանի՞ 28-ամյա երիտասարդ Հայաստանում կարող է, տարբեր տեղերում իրավախորհրդատու և մասնագետ աշխատելով, նման ունեցվածքի տեր դառնալ՝ վերածվելով, միջնադարյան տերմինոլոգիայով ասած, «կալվածատիրոջ»։

Համատեղ սեփականությամբ մեկ շինություն Կոտայքի Քասախ գյուղում։ Ձեռք է բերվել 2009 թվականին, երբ Մկրտչյանը 15 տարեկան է եղել։ Ձեռք բերման եղանակը նշված չէ։
Միանձնյա սեփականությամբ հողամաս Քասախում, գնել է 2020-ին։
Միանձնյա սեփականությամբ հողամաս Երևանի Դավթաշեն շրջանում, գնել է 2020-ին։
3 տարբեր հողամաս Քասախում, որ գնել է 2021-ին։
Մկրտչյանը հայտարարագրել է 1 շարժական գույք։
2021-ի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա։ Գնել է 2021 թվականի ապրիլի 13-ին։ Արժեքը՝ 2 մլն դրամ։
Պատգամավորն ունի նաև կանխիկ գումար.
2 մլն դրամ
6000 դոլար
3000 եվրո
Մկրտչյանը 2021-ի ընթացքում, որպես եկամուտ, հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը.
4 մլն 569 հզ դրամ
2020-ի ընթացքում, երբ Մկրտչյանը 2 հողամաս է գնել, աշխատել է PRIME LAW իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու (2019-2020թթ.): Նույն ժամանակահատվածում եղել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

Պատգամավորի հայրը՝ Արա Մկրտչյանը, 25 տարի ղեկավարել է Քասախը, որտեղ դուստրը մի քանի անշարժ գույք ունի։ Պատգամավորի հայրը 2021-ի նոյեմբերից կալանավորված է։ Մկրտչյանի ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն։ Դրանց հետևանքով տարբեր անձանց հասցված վնասը, ըստ իրավապահների, կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ։

1756