Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջկա մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով (քրեական նոր օրենսգրքի համաձայն՝ ցանկացած անձի մահվան, այդ թվում՝ հանկարծամահության դեպքում Քննչական մարմինը քրեական վարույթ է նախաձեռնում սպանության հատկանիշներով.- խմբ․)։ Araratnews-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հանկարծամահության հատկանիշներով։
«Արտաքին զննությամբ երեխայի մարմնին բռնության հետքեր չեն եղել։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»,- հավելեց Աբրահամյանը։
Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, որը Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սան էր, ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։