Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցեր ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ կապված գյուղատնտեսական ապրանքների իրացման հետ։

«Շատ լավ է, որ դուք աջակցում եք գյուղատնտեսությանը, բայց մենք իրացման հետ կապված պետք է երկարաժամկետ ինստիտուտներ ստեղծենք, դա մարկետինգային ինստիտուտն է, որը պետք է Էկոնոմիկայի նախարարության տիրույթում լինի»,- հայտնեց իր մտահոգությունը Սուքիասյանը նախարարին։

Պապոյանը շեշտեց, որ կա համակարգային խնդիր, ուստի առաջիկա տարիներին կարևոր նպատակներից մեկը կլինի ոչ միայն գյուղատնտեսության  զարգացումը, այլ նաև համապատասխան լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Նա ասաց, որ այսօր կա շուկա, որտեղ որևէ հաշվառում տեղի չի ունենում, ստվերում է գործում՝  նշելով, որ խոսքը Արարատի մարզում գտնվող հայտնի համակարգի մասին է։

Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցություն տրամադրել ոլորտում ներդրումներ անել ցանկացողներին:

Սուքիասյանը իր հերթին խոսեց Սփյուռքի հայերի մասին։ «Մեր դաշնակցական ընդդիմադիր ընկերներն են, որոնք Սփյուռքում իրենց ազդեցությունը օգտագործեն, որպեսզի ցանկացած հայ հայկական ապրանք ձեռք բերի, այն ապրանքը, որ նույնիսկ մեկ ցենտով թանկ չի այլ ապրանքներից, որպեսզի ՀՀ-ին օգնեն դրանով, որպեսզի ՀՀ-ն մեծ բյուջե ունենա և հզորանա»,- նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ Սփյուռքից Հայաստանին գումարային օգնություն պետք չէ, պետք է Սփյուռքի ամեն մի հայ մարդ օրական 1 կամ 5 րոպե մտածի Հայաստանի  մասին և հայկական ապրանք ձեռք բերի: «Այնտեղ նույնպես այդ մարկետինգային կենտրոնները ստեղծել, որոնք պետք է իրացնեն ՀՀ-ի ծառայություններ,  ապրանքները»,- նշեց նա։

Պապոյանն էլ ասաց, որ Հայաստանից դուրս պետք է էլ ավելի ակտիվ լինել՝ հայկական ապրանքների և ծառայությունների մրցունակությունը և ճանաչելիությունը  բարձրացնելու համար՝ շեշտելով, որ, ցավոք, այս ոլորտում շատ աշխատանք չի արվել։

446