Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակոբ Ասլանյանը պաշտպանում էր Հովիկ Աղազարյանին, բոլորին հայտնի է՝ ինչ է արել Հովիկ Աղազարյանը. պարբերաբար արտահոսք է կատարել խմբացկության փակ նիստերից, կուսակցության փակ նիստերից, և եթե մարդը դրա մեջ խնդիր չի տեսնում, դա էլ է մեր համար խնդիր»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչն է Հակոբ Ասլանյանին խմբացկությունից հեռացնելու պատճառը։

«Փաստորեն ինքը ոչ մի վատ արարք չի տեսնում Հովիկ Աղազարյանի արածի մեջ, ինչը դեմ է մեր արժեքներին: Եթե էդպես է բաց նիստ կանենք, ինչի ենք փակ նիստ անում, եթե պետք է արտահոսք լինի և դա նորմալ դիտարկվի: Այդ իսկ պատճառով որոշվեց խմբակցությունից հեռացնել Հակոբ Ասլանյանին»,- ասաց Ղազարյանը:

Ալխաս Ղազարյանը նշեց, որ իրենց համար խնդրահարույց էր նաև երեկ առավոտյան Հակոբ Ասլանյանի կողմից արված հայտարարությունը՝ հավելելով, որ նախքան նման հայտարարություն անելը Ասլանյանը կարող էր կուսակցության անդամների հետ զրուցել իր մտահոգությունների և մտադրությունների մասին։

«Ես վստահ չեմ կարող լինել, որ եթե խմբակցության նիստ լինի ու բավականին լուրջ, պետությանը վերաբերվող ու շատ լուրջ, որը հետո կարող է սպառնալիք հանդիսանալ հարցեր քննարկվեն, գուցե վաղը Հակոբ Ասլանյանն էլ արտահոսք անի ու խնդիրներ ունենանք պետության մակարդակով, պետության անվտանգության մակարդակով, քանի որ ինքը դրանում խնդիր չի տեսնում, դա արդեն խնդիր է մեր համար»,- ասաց Ղազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք եթե այլ պատգամավորներ էլ պաշտպանեն Հովիկ Աղազարյանին, նույն ճակատագրին կարժանանան, պատգամավորը պատասխանեց. «բնականաբար կարժանանան նույն ճակատագրին»։

Ղազարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը այնպիսի կարգեր է սահմանել խմբակցությունում, որ որևէ մեկը չի կարող անձնական կարծիք հայտնել, որևէ սկզբունքային դիրքորոշում որդեգրել, որովհետև շատ արագ կպատժվի. «Ես կարծում եմ մեր խմբակցությունը ամենաբաց, ժողովրդավարական, յուրաքանչյուրն էլ կարողանում է կարծիք արտահայտել, շփվել լրատվականների հետ, այսինքն ոչ մի խնդիր չի առաջացել, ոչ մի խնդիր, ոչ մի կերպ, բայց երբ հայտնաբերվում է, որ արտահոսք է իրականացվել, դա իսկապես խնդիր է, և բոլորս էլ դա իրապես ճիշտ ենք հասկանում»:

Պատգամավորը հավելեց, որ Աղազարյանի հեռախոսը այլ գործի համար են վերցրել և դա իրավական հարց է:

«Իրավապահներին պետք է հարցնեք, իրավական գործընթաց է իրականացվել, որի շրջանակում է առգրավվել, մնացած գործընթացները մեկը մյուսին մեղադրել կամ Հովիկ Աղազարյանին մեղադրանք ներկայացնելը կարծում եմ հետագայում կպարզվի ինչքանով էր տեղին կամ ոչ տեղին»։

Անդրադառնալով տարածված լուրերին այն մասին, որ նախքան Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելը, պատգամավորները նրան նվաստացրել և ծաղրել են, Ալխաս Ղազարյանը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունեցել, ընկերական զրույց է եղել, խոսել ենք, հասկացել ենք, որ նա խնդիր չի տեսնում Աղազարյանի արարքի մեջ, այսքան բան։ Մենք խնդիր դրել ենք, որ մանդատը վայր դնի, բայց որոշումը իրեն է մնում»։

 

434