Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանողներ կստանան համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ:

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները հետևյալ ոլորտներում`

– բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),

– հայագիտություն,

– հումանիտար գիտություններ,

– հասարակագիտություն,

-ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),

– մշակույթ-սպորտ,

– բժշկություն:

Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով: Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորներով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի (հավասար միավորների դեպքում հաշվի են առնվել ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ):

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

Մրցույթը նաև նպատակ ունի նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

222