Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգել իր երկրում գտնվող բոլոր անձանց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ բանտարկյալների: Դուք տեսել եք, որ մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի հարգում իր երկրի ներսում բոլոր անձանց մարդու հիմնարար իրավունքները, և մենք շարունակելու ենք վարել այդ քաղաքականությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա այսկերպ պատասխանել է լրագրողի՝ Ադրբեջանի բանտերում պահվող հայ բանտարկյալների ճակատագրի, մասնավորապես՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ գործողությունների մասին հարցին։

Լրագրողը բերել  է Ադրբեջանում անօրինաբար կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանի՝ Ջարեդ Գենսերի օրինակը, որին Բաքուն մերժում է մուտքի թույլտվություն տրամադրել, ինչն էլ  անհնարին է դարձնում Վարդանյանի պաշտպանությունը և խախտում նրա հիմնարար իրավունքները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՄՆ պետքարտուղարի՝ անցած շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ արդյոք քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը, Մեթյու Միլլերը ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուրջ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ։

248