

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է խիստ վերահսկողություն իրականացնել ինքնակամ շինությունների նկատմամբ։ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ առանց թույլտվության իրականացվող կառուցապատման դեպքում քաղաքապետարանը հետևողական է տուգանքներ կիրառելու և իրավիճակը վերահսկելու գործում։
Քաղաքապետի խոսքով՝ Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումից հետո քաղաքապետարանը կստանա նոր և ավելի արդյունավետ գործիքակազմ՝ ներառյալ «քանդման պահանջը»։
«Սա հիմնականում ազդելու է այն կառույցների վրա, որոնք ինքնակամ են կառուցվել և որոնք հետագայում փաստացի չեն օրինականացվելու, նրանց հետ կապված շինթույլտվություն վստահորեն չի տրվելու։ Եվ այդ «քանդման պահանջը» ներկայացնելուն պես այդ ինքնակամ շինության կառուցողը պարտավոր է լինելու քանդել կամ շատ մեծ տուգանքների շարքի հանդիպել»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝մինչ այժմ տուգանքների կիրառմամբ քաղաքապետարանը կարողացել է էականորեն սահմանափակել ինքնակամ շինությունների կառուցումը։ Տարեսկզբից այս ոլորտից արդեն հավաքագրվել է 24 միլիարդ դրամ։
«Եթե նախորդ տարի տուրքերի նախագիծը այս ձևով չընդունեինք, ապա կառուցապատման ծավալները շատ ավելի մեծ կլինեին, քան եղել են»,- ասաց նա։