Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբեմն լինում է այնպես, որ մենք բյուջեով պլանավորում ենք իրականացնել մի գործողություն և տարվա ընթացքում պարզվում է, որ այդ գործողությունը հնարավոր չէ այդ տարի անցկացնել՝ այս կամ այն պատճառով, և մենք ստիպված ենք լինում այդ գումարները վերաբաշխել մեկ այլ ուղղությամբ, որի մասով ոչ մի բան չէինք պլանավորել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Հովհաննիսյանի խոսքով, նման միտումները բոլորի մոտ, նաև նախարարությունում հարցեր են առաջացնում, և նշեց, թե դրանից խուսափել հնարավոր չէ ու հարցն այն է, թե ինչ չափով են այն անելու։

«Հիմնականը եկամուտների քաղաքականությունն է։ Այստեղ երկու հիմնական գործողություն ենք իրականացրել, առաջինը՝ բարձրացվել է շրջանառության հարկի տոկոսադրույքը, միաժամանակ նաև մեծացվել է շրջանառության հարկ վճարելը նվազեցնելու հնարավորությունները»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ դրանով այն տնտեսվարողները, որոնք կունենան բավարար փաստաթղթավորում, նրանց համար հարկային բեռը չի ավելանա։

Որպես երկրորդ օրինակ նախարարը նշեց, որ ԱԺ-ում է գտնվում մասնագիտական որոշ ծառայություններ շրջանառության հարկի շրջանակներից հանելու օրինագիծը, որը վերախմբագրվել է, բայց վերջնական տեսքի մասին չի կարող ասել, դրա փոխարեն հիշեցրեց, որ 2025 թվականից ուժի մեջ է մտնում փաստաբանական և նոտարական գործունեությունը շրջանառության հարկի շրջանակից հանելու նորմը։

Տեղեկացնելով, որ իրենք ուսումնասիրություն են իրականացնում առկա արտոնությունների վերաբերյալ և գնահատում են դրանց արդյունավետությունը՝  առաջիկայում հանդես կգան այդ արտոնությունների չեղարկման առաջարկներով։

Նախարարը նաև հավելեց, որ աջակցությունը պետք է լինի ծախսային միջոցառումներով, այլ ոչ թե հարկային արտոնություններով։

«Հաճախ լսում եմ, թե ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտահարկը նվազել դարձել է 10%, նման բան գոյություն չունի, ՏՏ ընկերությունները վճարելու են 20 %»,- ասաց Հովհաննիսյանը և բացատրեց, որ կառավարությունն ասել է, որ ընդամենը կվճարի ՏՏ ընկերությունների աշխատակիցների կրթության ծախսերը։

 

 

306