«Պատերազմական ծանր օրերից հետո ամենակարևորը վերքերի բուժումն է: Առաջին օգնությունը ամենաանհրաժեշտն է, քանի որ այն նախևառաջ, ոգին է բարձրացնում: 44 օր հայերն իրենց լքված են զգացել»: Այս համոզմունքն է հայտնել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը՝ «Մենք հայ ենք» մարդասիրական բարեգործական հիմնադրամ կատարած այցի ընթացքում:

«Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինձ խնդրեց լինել բարի կամքի դեսպան հայերին աջակցելու համար և գալ Հայաստան՝ անմիջապես համաձայնեցի ու ոչ թե այստեղ գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար, այլ որ երկարատև նպաստ բերեմ: Հայաստանն այսօր ավելին, քան երբեք Ֆրանսիայի և ֆրանսիացիների աջակցման կարիքն ունի»- ասել է Ջորկաեֆը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը եղբոր՝ ֆրանսայի Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆի հետ է այցելել «Մենք հայ ենք» հիմնադրամ, որտեղ կամավորականների շարքում է նաև նրանց զարմիկը: Նա մոտ 30 ծագումով հայ ֆրանսիացի երիտասարդների հետ արդեն մեկ ամիս է՝ կամավորական աշխատանքներին է մասնակցում Հայաստանում և իր փորձում ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող արցախցի ընտանիքներին:

Վիրավոր Արցախցի ապագայով մտահոգված երիտասարդներից է նաև Ստեֆանի Կարոիանը: Tert.am-ին ասել է, որ թեև միայն մայրն է հայ, բայց հոր սիրտն է հայկական: 26-ամյա աղջիկն ինքն է հոգացել ինքնաթիռի ծախսը, ընկերների հավաքել է անհրաժեշտ իրեր ու ճամպրուկով բերել Հայաստան:

«Մենք Ֆրանսիայում ձեռքերը ծալած չէինք կարող նստել: Հավաքվեցինք Ալֆորվիլի մշակույթի տանը, խումբ կազմեցինք ու  գործի անցանք: Այստեղ՝ Հայաստանում, ավելի շատ զգացի հայ լինելս ու ամուր կապվեցի արմատներիս»:

961