Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում նախորդ տարվա տնտեսական ձեռքբերումները և ցուցանիշները գնահատեց դրական։ «Տնտեսական ակտիվության աճը միայն կարող ենք 11 ամսվա համար ներկայացնել, որը կազմում է 7.4%։ Դեկտեմբեր ամսվա ցուցանիշները դեռեւս որեւէ կերպ ներկայացված չեն։ Այդ կոնտեքստում մենք հունվար-նոյեմբերին ունենք արտահանման մոտ 74% աճ եւ ներմուծման 41.5 % աճ։ Առհասարակ արդյունաբերությունը 7.6% է, մշակող արդյունաբերությունը՝ 10.8%։ Ծառայությունների աճը կազմել 6.3%։ Գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբերին աճել է 1.8 % եւ շինարարությունը՝ 14.9% աճ է կազմել»։

Նրա խոսքով՝ համեմատության մեջ ՀՀ-ն ունեցել է նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշներ, մասնավորապես՝ 2019 թվականի։ «Ինչո՞ւ չեմ խոսում 2021, 2022, 2023-ի մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորսմաժորային ժամանակահատվածներ են եղել, և այդ հատվածներում, տարբեր արտաքին գործոններով պայմանավորված, մենք տարբեր բացասական և դրական ցուցանիշներ ենք ունեցել, և հիմա արդեն մտել ենք կայունության փուլ: Նման ցուցանիշները պահպանելը, օրինակ՝ 6, 7, թեկուզ՝ 5,5 տոկոս տնտեսական աճ ունենալը, և այդպիսի շարունակական բարձր աճեր ունենալը, արդեն իսկ բավականին բարձր ցուցանիշ է համարվելու: Այդպես էլ կա, միջազգային գործընկերների կողմից էլ է այդպես համարվում»,- ասաց նա:

«Եթե նախկինում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայություններն էին, և դա նաև շատ էր քննադատվում, երբեմն կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ, պետք է նշեմ, որ մեր տնտեսական աճի մեջ, իհարկե, ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ, բայց ծառայություններն իրենց դերով զիջել են շինարարությանը և, որ ամենակարևորն է՝ արդյունաբերությանը: Այսինքն՝ արդյունաբերությունը մեր տնտեսության մեջ իր աճի չափաբաժնով երկրորդն է եղել, ինչը, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է»,- հավելեց նախարարը։

634