Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարում կայացած բանակցությունների ընթացքում հիմնարար համաձայնության են եկել Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով արաբ պաշտոնյաներին։
«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի երեկոյան սկզբունքորեն պայմանավորվել են պատանդներին ազատելու գործարքի շուրջ»,- գրում է թերթը։
Աղբյուրները կարծում են, որ համաձայնագրի մասին կհայտարարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի համատեղ հայտարարությամբ, որոնք միջնորդել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները:
Դոհայում պատվիրակությունները շարունակում են աշխատել համաձայնագրի մանրամասները քննարկելու շուրջ։ Հիմնական հարցերից մեկը, որը դեռ պետք է լուծվի, Գազայից իսրայելական բանակի դուրսբերման պարամետրերն են։
Հրատարակության համաձայն՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նոր վարչակազմի ապագա հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը շաբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ լարված հանդիպման ժամանակ «ճնշել է վարչապետին համաձայնության հասնելու համար անհրաժեշտ փոխզիջումների գնալու համար»։