Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արտադպրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրել ենք կամավոր ատեստավորման մեխանիզմները, և առաջին անգամ այս ոլորտում իրականացրել ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝  Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ սա թույլ կտա հասկանալ ծառայությունների տրամադրման ստանդարտը։ 

«Այդ իմաստով կարևոր է նաև որակական միևնույն չափանիշները սահմանել բոլոր հաստատությունների համար։

Առաջարկվում է նաև հաստատել և այդ լիազորությունը վերապահել կրթության ոլորտի լիազոր մարմնին, որպեսզի կարողանանք վերահսկել այն բովանդակությունը, որն իրականացնում են արտադպրոցական հաստատությունները»,-  ասաց Անդրեասյանը։ 

Ըստ նախարարի՝ նախագծով հստակեցվում են նաև ֆինանսավորման ընթացակարգերը, քանի որ արտադպրոցական հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակներում պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, ինչը սակայն, որևէ հստակ կանոնակարգ չունի։

Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև արտադպրոցական հաստատություններում ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև ուսումնական պլանների հաստատման ընթացակարգերի մասով միասնական մոտեցումը, որը լիազորող նորմը ևս տեղ է գտել նախագծում։ 

Նախարարը նաև ներկայացրեց ոլորտին առնչվող կամավոր ատեստավորման արդյունքները․ «Պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա [2023] ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Եվ այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից՝ 60 հազար, 80 հազար, 100 հազար դրամի չափով՝ կախված արդյունքներից»,- ասաց նա: 

 

246