

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, սա հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նշեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ Yandex հավելվածում նախատեսվում են ներառել ոչ միայն «Երևան ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար՝ անկախ թերացումներից՝ ընդգծելով, որ տրանսպորտային համակարգի նեդրումը բարդ պրոցես էր:
«Այս ահռելի ծավալի աշխատանքն ունի մեկ նպատակ, որ Երևան քաղաքն ունենա ստաբիլ, որակյալ տրանսպորտային համակարգ, ունենա տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու ու վերանա, ինչպես եղել է Երևան քաղաքում բոլոր տրանսպորտային համակարգերի հետ, ինչպես եղել է 1990-ականներից մինչև վերջին մի քանի տարի առաջվա վիճակը»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին նոր գնված «ԳԱԶել»-ների մոտավորապես 40 տոկոսը, մի պահից սկսած, չէր շահագործվում: