Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարզային այցերի ընթացքում բարձրացված մի շարք հարցեր ներկայացվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։ Ստորև ներկայացված է Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացված պատասխանների առաջին մասը.

Հարց 1․ Բերքի իրացման դժվարություններ (Ծովասար և Վարդաձոր համայնքներ)

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Ծովասար և Վարդաձոր համայնքների բնակիչներին՝ 2024 թվականին արտադրված բերքի իրացման հարցում:

Մանրամասներ ճշտելու և աջակցություն ստանալու համար առաջարկվում է կապ հաստատել նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ՝

 011 52 54 53, 011 52 02 58

Հարց 2․ Գյուղատնտեսական տեխնիկայի անհրաժեշտություն (Զոլաքար և Արծվանիստ համայնքներ)

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որին կարող են մասնակցել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, այլև համայնքները։ Ծրագրի շրջանակում լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2%, իսկ ՀՀ կառավարության 18․12․2014թ․ N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար՝ 0%։ Կանխավճարը կազմում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ը, իսկ լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250 մլն դրամը։

Հարց 3․ Ոչ ավանդական մշակաբույսերի աջակցություն (Վարդենիկ համայնք)

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025թթ. ծրագիրը, որին կարող են մասնակցել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, այլև համայնքները։ Ծրագրի շրջանակում ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8)տոկոսային կետով։

307