Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Կառավարության նիստում ընդունվեց «Պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» որոշումը:
Նախագծով նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել 423 տրանսպորտային միջոց և ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին. «Միաժամանակ նախագծի 2-րդ կետով նախատեսվում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ 4ամսյա ժամկետում, հանձնման-ընդունման գործընթացն ավարտել»,- նախագիծը ներկայացնելու ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հավելեց, որ մեքենաների մեծամասնությունը կվաճառվի աճուրդային եղանակով, իսկ մյուս մասը կփոխարինվի պետական համակարգում առկա ավելի հին մեքենաների հետ. «Այս տարվանից գործում է էլեկտրոնային աճուրդների համակարգը և այդ ձևով քաղաքացիները կարող են մասնկացել աճուրդներին, ձեռք բերել անշարժ և շարժական գույք»,- հավելեց Ավետիսյանը:
Վարչապետ Փաշինյանն ամփոփեց, որ այս որոշումից հետո ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմումը կարձանագրվի, «ինչը կարևոր է երկու ուղղությամբ՝ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ և նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»: