Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախկին նախագահ և Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցի հետ: 

Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության, Հայաստանի հարկային ոլորտի բարեփոխումների, հայտարարագրման ընդհանուր համակարգի ներդրման, ինչպես նաև կրթական համակարգի զարգացման մասին: 

Նախարար Հովհաննիսյանը խոսել է նաև վերջին տարիներին ՏՏ ոլորտի մասնագետների՝ Հայաստան ներհոսքի և տարածաշրջանի այլ երկրների կողմից իրականացվող ՏՏ ոլորտին առնչվող հարկային քաղաքականության մասին: Նախարարը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ ՏՏ ոլորտի մասնագետների աշխատանքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու միտումներին, նշել է, որ ներկայումս Հայաստանում լուրջ քննարկումներ են ընթանում այս ոլորտում խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարար Հովհաննիսյանը պրոֆեսոր Ստիգլիցին պաշտոնապես հրավիրել է Հայաստան և պատրաստակամություն հայտնել նույն քննարկումներն ու մտքերի փոխանակումը շարունակելու նաև Հայաստանում։

116