Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024թ. ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 3639 դեպք՝ նախորդ տարվա 5070 դեպքի դիմաց: Այս մասին Araratnews-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ տվյալների՝ 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի իրացման բացահայտված դեպքերը 2023-ի համեմատ նվազել են՝ 2802-ից՝ 1910, ապօրինի պահելու դեպքերը նույնպես, եթե 2023-ին 1762 դեպք է բացահայտվել, ապա 2024-ին՝ 1137։

Նախորդ տարվա ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 426 կգ 563 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի տվյալները գերազանցում է ավելի քան 224 կիլոգրամով:

2024թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս, որոնցից 1-ը՝ իգական սեռի: Միաժամանակ, կառույցից հայտնել են, որ 2024թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 321 (բացահայտված- խմբ.) դեպք:

Կառույցի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված բացահայտված հանցագործությունների մեծ մասը կատարվել է Երևանում՝ 1768 դեպք։ Երկրորդ տեղում է Արմավիրի մարզը՝ 591 հանցագործության դեպքերով, այնուհետև՝ Շիրակը՝ 395, Սյունիքը՝ 170, Արագածոտնը՝ 166, Կոտայքը՝ 156, Արարատը՝ 131, Լոռին՝ 127, Վայոց Ձորը՝ 54, Գեղարքունիքը՝ 48, և վերջում՝ ամենաքիչ թմրաշրջանառության դեպքերը փաստորեն Տավուշի մարզում են գրանցվել՝ 33 դեպք։

Հավելենք, որ ՆԳՆ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է նաև նախորդ տարվա ընթացքում առգրավված թմրամիջոցները ըստ տեսանկների և քանակի, ինչը շուտով կներկայացնենք։

Գեղամ Ադյան

 

663