Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է եղել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։
Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից, քանի որ բացի դիմումների ընդունումից, նաև իրականացնելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղում կատարելու վերաբերյալ, տրամադրելու է պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների կապակցությամբ և այլն:
«Քաղաքացիները չպետք է գնան համայնքապետարան, այնտեղից՝ կադաստր և հակառակ, և այսպես մի քանի անգամ, մինչև իրենց հարցը լուծում ստանա, հակառակ՝ պետք է լինի պատկան կառույցների համագործակցություն, որպեսզի չտուժի բնակիչը։ Խորհրդատվական կենտրոնը համայնքապետարանների աշխատակիցների համար ևս հարթակ է, որը հնարավորություն կտա իրենց էլ այցելել, տեղեկանալ և այնուհետ իրենց դիմած քաղաքացիներին ճիշտ ուղղորդել։ Ցանկացած պարագայում փոփոխությունները պետք է միտված լինեն ծառայությունները հասանելի, մեր քաղաքացիների սպասարկումն առավել մատչելի դարձնելուն։ Վստահ եմ՝ պատկան կառույցների համատեղ աշխատանքով կհասնենք ցանկալի արդյունքների։ Խոսքս թե մարզպետի աշխատակազմի, թե կադաստրի կոմիտեի, թե համայնքապետարանների աշխատակազմերի մասին է»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նշել է, որ սպասարկման գրասենյակներում դիմումների ընդունման ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հաջորդաբար անդրադառնալ մի քանի մարզային սպասարկման գրասենյակների վերակազմակերպման խնդրին, քանի որ մարզային սպասարկման գրասենյակներում ևս առկա է ինչպես ծանրաբեռնվածության մակարդակների անհամաչափություններ, այնպես էլ էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթի իրականացման անհրաժեշտություն՝ վստահեցնելով, որ կոմիտեի քայլերը ուղղված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, համայնքների ղեկավարները Կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղել են հուզող հարցերն ու ստացել պարզաբանումներ, քննարկվել են կոնկրետ խնդիրներ, առաջարկվել լուծման տարբերակներ, ծավալվել է ակտիվ երկխոսություն։
Դավիթ Առուշանյանն ու Սուրեն Թովմասյանն այնուհետ հանդիպել են քաղաքացիներին, որոնք դիմել են իրենց հուզող խնդիրներով։