![](https://araratnews.am/admin/images/1738935415.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանին ամենից մոտ դիրքորոշումը փաստացի Իրանինն է, բայց առանձին համատեքստում պետք է դիտարկել, որ Իրանը ընդհանրապես դեմ է և նրա շահերից չի բխում, որպեսզի որևէ միջանցք (խմբ․ ճանապարհ) բացվի։ Այս մասին Araratnews-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը։
«Այսինքն՝ երբ Իրանի դեսպանն ասում է՝ ամենից մոտ դիրքորոշումը Իրանն ունի, այստեղ միայն մի հարթությունում է դա հիմնավորված՝ ուժային եղանակով կամ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման միջոցով որևէ կապուղու տրամադրումը անընդունելի է Իրանի համար։ Ընդ որում՝ ոչ միայն Իրանի, բազմաթիվ այլ երկրների համար ևս, որոնք առաջ են մղում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը։ Նույն արևմտյան երկրներն էլ են այդ հարթությունում ակտիվ», - ասաց նա։
Խոսելով դեսպանի կոչից՝ որ պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները, նա ասաց․ «Մեր կողմից հնչող հարցադրումները ճիշտ չեն, դրանք պետք է լինեն հետևյալը՝ Հայաստանից բացի Իրանը ինչ պետք է անի Ադրբեջանի նման քայլերը թույլ չտալու համար․ այդ կտրվածքով հարցերը պետք է հնչեն, ոչ թե Իրանը ինչ պետք է անի։ Լրագրողի նման հարցին եղավ բնական պատասխան․ այսինքն՝ նախ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, իսկ Իրանի մասով չպատասխանելը նշանակում է, որ Իրանը պատրաստի սցենար չունի ռազմական միջամտության դեպքում իր կոնկրետ գործողությունների մասով և դա բնական է, որովհետև Իրանի ռազմավարությունը այս կարևորագույն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պարագայում որևէ լուրջ էսկալացիայից խուսափելն է»։
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված ստրատեգիական փաստաթղթին՝ դեսպանը նշել էր, որ «ՀՀ իշխանությունները մեզ հստակորեն ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին», ինչի վերաբերյալ փորձագետն ասաց․ «Այստեղ որևէ նորություն չկա, պարզապես հերթական անգամ վերաշեշտադրում են, որ սկզբունքները չեն փոխվել։ Կարծում եմ ՝ այս ասուլիսի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասով իրանական կողմի դիրքորոշումներում փոփոխություններ չկան»։
Անդրադառնալով Սոբհանիի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել և այդ հանգամանքն օգտագործել ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների խթանման, ապա Իրանը դրական կգնահատի այդ ջանքերը», Պետրոսյանն ասաց․ «Այսինքն՝ եթե Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Եվրամիության հետ և դա չի խոչընդոտում ՀՀ-Իրան հարաբերություններին, այլ հակառակը՝ մի բան էլ աջակցում է՝ նույն կերպով Հայաստանը պետք է քայլեր իրականացնի և դրանք ոչ միայն չպետք է վնասեն, այլև պետք է նպաստեն երկու երկրների հարաբերություններին․ և խոսքը տնտեսական ու քաղաքական հարաբերությունների մասով է․ այսինքն՝ նոր շուկաների ու առևտրային հարաբերությունների»։