ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բացահայտել են մի քանի գողության դեպքեր, որոնցից մեկը կատարվել է սննդի կետից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 18-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի սննդի կետերից մեկի հանդերձարանի պահարաններից գողություն են արել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը սննդի կետում արձանագրեց, որ հափշտակել են գանձապահների դրամապանակները, որոնց մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է Սպիտակի 42-ամյա մի բնակիչ։

Նա դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ տղամարդը նոյեմբերի 30-ին «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մի խանութ-սրահի սեղանի վրայից գողացել է «Այֆոն»:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

1403