Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ «Բալասանյան» դաշինքի հեռանալուց հետո քաղաքում կառավարման ճգնաժամ էր հասունացել, որը լուծվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։ Սարիկ Մինասյանը ներկուսակցական փրայմերիզի արդյունքներով նշանակվեց քաղաքապետի ԺՊ։ Այս ընթացքում Մինասյանն ու իր թիմը փորձում են առկա հնարավորությունների սահմաններում լուծել Գյումրիի և գյումրեցիների խնդիրները։ Երեկ էլ Սարիկ Մինասյանը գնացել էր ծանոթանալու Ստրոմմաշ թաղամասի բնակիչների հետ։ Այստեղ, ինչպես ամենուր, բազմաթիվ են խնդիրները՝ սկսած մանկապարտեզ չլինելուց մինչև ցեխոտ փողոցներ, նկուղներ լցվող կոյուղի, թափառող շների հարց, վթարային շենքեր և այլն։

Սարիկ Մինասյանը հանձնարարեց նկուղ լցվող կոյուղու հարցը լուծելու համար նախահաշիվ կազմել, խոստացավ գումարի 1/3 մասը համայնքի կողմից տրամադրել, մնացածը մասը իր վրա վերցրեց համատիրությունը։

Բնակիչները դժգոհ էին նաև «Վեոլիա ջրից» և ՀԷՑ-ից։ Անցած տարի հիմնանորոգված փողոցը ՀԷՑ-ն է քանդել՝ «Վեոլիայի» վատ աշխատանքի պատճառով։  

Որոշ բնակիչներ էլ խաղահրապարակի հարց էին բարձրացնում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոստացավ մաքրել շենքի հարակից տարածքը տարիներով կուտակված աղբից, մեքենաների ժանգոտած կմախքներից, իսկ խաղահրապարակը հնարավոր կլինի կառուցել եղանակների տաքանալուց հետո միայն։

Սարիկ Մինասյանն ասաց, որ բոլոր թաղամասերում խնդիրներ կան։ Այցելում են այն թաղամասեր, որտեղից ավելի շատ արձագանքներ են լինում ֆեյսբուքյան իր էջում։

Մինասյանն ասաց, որ լուրջ գործերով են զբաղված ու ժամանակ չունեն բամբասանքներին հետևելու և արձագանքելու:

Մանրամասն՝ civic.am-ի տեսանյութում։

859