Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպություն է որոշվել, որն առաջարկել է «Կասկադ» համալիրի վերակառուցման համար ներդնել շուրջ 20 մլրդ 46 միլիոն դրամ: 

Աշխատանքները կիրականացվեն ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա։

«Երևանի քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, հնարավորություն է տալու կառուցապատման իրավունքի հիման վրա իրականացնել «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք, ապահովվելու է նորաստեղծ հատվածի կապը ինչպես Գաֆէսճեան թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50-ամյակի զբոսայգու հետ, և կյանքի է կոչվելու քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց կապելու՝ Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտահղացումը»,- ասաց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ հավելելով, որ այս տարվա չորրորդ եռամսյակում նախատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում։

«Կասկադ» համալիրի տարածքում կկառուցվի նաև շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառուցապատումը կիրականացվի այն պայմանով, որ քաղաքապետարանը ներդրողին հարակից տարածքում կհատկացնի կառուցապատման համար տարածք։

«Փաստացի ունենք հաղթող ընկերություն, որը պատրաստ է իրականացնել ներդրում»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ աշխատանքը դանդաղելու դեպքում ծրագիրը կչեղարկվի, և Երևանի քաղաքապետարանը հնարավորություն կունենա նորից մրցույթ կազմակերպել:

«Հուսով եմ՝ այդտեղ չենք հասնի, այլ վերջապես կունենանք իրականացվելիք «Կասկադ» համալիրի ամբողջական նախագիծը»,- ասաց նա:  

126