Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։

«Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար: ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը թույլ է տալիս առավել օպերատիվ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել տարբեր հարցերի շուրջ»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

49-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին նշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 20 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։

Օրակարգային հարցերը վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի կազմերի արդիականացմանը, տեղորոշման կապարակնիքների կիրառման ու մաքսային փորձաքննությունների անցկացման մեթոդական առաջարկություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկությունների փոխանակման և ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների սահմանմանը և (կամ) փոփոխմանը։

Որոշում է կայացվել՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 50-րդ նիստն անցկացնել 2025 թվականի երկրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում։

135