
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծերի փաթեթը, որը վերաբերում է խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը, երկրորդ ընթերցմամբ քննարկման ռեժիմում փոփոխության է ենթարկվել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 6-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովի երեկվա նիստին փոխել ենք նախագիծը, թե ձևը, [այն է՝] հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի տարբերակով կլինի, նաև հարկման բեռի առումով: Ի սկզբանե նախատեսվող հարկային բեռի չափը նվազեցրել ենք մի քանի անգամ: Ինչի՞ համար. որովհետև ինչպես երեկ վարչապետը նշեց՝ անկախ ամեն ինչից, անկախ ոլորտի առանձնահատկություններից՝ հարկը պիտի լինի տրամաբանական, և չի կարող հարկը ավելի մեծ լինել, քան այն եկամուտը, որն այդ ընկերությունները ստանում են»,- ասաց Թունյանը:
Հարակից զեկուցողը նկատեց՝ վերջին տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել թե՛ հարկման առումով, թե՛ այդ ոլորտի առջև տարբեր սահմանափակումներ դնելու առումով՝ սկսած գովազդի սահմանափակումից մինչև հաշիվների լիցքավորում:
Թունյանը նաև հույս ունի, որ կան կարգավորումներ, որոնք հնարավոր կլինի հնարավորինս արագ կյանքի կոչել, և խաղային օպերատորի գաղափարը պետք է այնպես անել, որ մինչև տարվա վերջ գործի:
«Այդ օպերատորը ոչ միայն թույլ է տալու ամբողջական պատկերացում կազմել խաղային ոլորտի իրական շահառուների մասին, այլև թույլ է տալու իդենտիֆիկացնել առանձին այն խմբերին, որոնց նկատմամբ պետք է որոշակի սահմանափակումներ գործեն՝ լինեն թե՛ սոցիալապես անապահով մարդիկ, թե՛ պետական ծառայողներ, թե՛ զինծառայողներ: Մենք այսօր չենք կարող բուքմեյքերական ընկերություններին այդ ամբողջ ինֆորմացիան տալ»,- ասաց նա: