
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարիներ շարունակ Կառավարությունը աջակցության ծրագրեր է իրականացրել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, գործող կարգավորումներն ավարտվել են 2024-ի դեկտեմբերի 31-ին, իսկ 2025-ի հունվարի 1-ից նոր, առավել երկարաժամկետ, համապարփակ լուծումներով կարգավորումներով է հանդես գալու Կառավարությունը ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով: Այդ մասին Կառավարության՝ մարտի 6-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ըստ նախարարի՝ 2024-ին ԲՏԱՆ-ը 6,5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ևս 1,5 մլրդ նախատեսվում է մինչև մարտի 31-ը տրամադրել, և սրանով ծրագիրը կավարտվի, և ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին օրենքը և հարկային օրենսգրքում փոփոխությունները ու լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին:
«Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է 2 հիմնական գործիք՝ ընդհանրական գործիք, առաջինը աջակցության ծրագրերն են, այստեղ 3 հիմնական ուղղություն է վերցրել Կառավարությունը 7 տարիների համար, մասնավորապես՝ այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները: Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան ընկերությունները: Այստեղ հիմնականում թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների, կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում: Եվ երրորդ ուղղությունը. մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերություններն արդեն 50 տոկոսի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու»,- ասաց նախարարը:
Նախորդ տարիներին, ըստ նախարարի, Կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, իսկ այս օրենքի հիմքում դրվել է առհասարակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: Նա նաև թվարկեց, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են այս նախագծի շահառուները: Դրանք մարտական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերություններն են, համակարգչային խաղերի հրատարակությամբ, ծրագրային ապահովման մշակմամբ, ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրությամբ, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող և այլ ընկերություններ:
Ըստ նախարարի՝ ձևավորվելու է 6 հոգանոց հանձնաժողով՝ կազմված 6 գերատեչությունից, և ենթահանձնաժողովներ, որոնք գնահատելու են հայտերն առանձին-առանձին, իսկ ապրիլի 1-30-ը կլինի առաջին պատուհանը՝ հայտերը ներկայացնելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. այսինքն՝ երբ դրսից հրավիրում են միգրանտի՝ աշխատելու, նրանց եկամտային հարկի 60 տոկոսը Կառավարությունը վերադարձնում է ընկերությանը: Երկրորդ՝ 3 ամիս վերադարձվում է վերապատրաստվող կամ սովորող աշխատակիցների եկամտային հարկի 50 տոկոսը: Խոսքը վերոնշյալ ոլորտներում երբևէ չաշխատածների մասին է: Երրորդ՝ նվազեցվում է նաև վերոնշյալ թիրախային ոլորտների հարկային բեռը՝ 5 տոկոսից 1 տոկոս, և սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող ընկերություններին:
«Մեր խնդիրների զգալի մասը կապված է այն բանի հետ, որ շահառուին չենք կարողանում տեղ հասցնել, որ այս որոշումն իր մասին է: Հեսա 7 տարի կանցնի, և ընկերությունները կասեն՝ ո՞նց, մե՞նք էլ կարող էինք սրանից օգտվել, կասեն՝ բայց չենք օգտվել: Հիմա պետք է խոսել, խոսել անընդհատ, հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել»,- ասաց վարչապետը: