
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել և առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Այսուհետ, հարկային հաշվարկներով առաջացող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները, որպես դեբետային գումարներ, Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան կդասակարգվեն որպես՝ ռիսկային և ոչ ռիսկային: Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները տնտեսվարողի միասնական հաշվին կմուտքագրվեն ինքնաշխատ․ հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու։ Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված «Մարում/Վերադարձ» էջում համապատասխան նշում կատարի՝ այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Գումարը հարկատուն կարող է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Իսկ եթե Կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա միասնական հաշվին գումարի փոխանցումը կիրականացվի միայն տնտեսվարողի դիմումի հիման վրա իրականացվող ուսումնասիրության և համապատասխան եզրակացության հիման վրա։
Փոխվել է նաև ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ գումարների հաշվանցման կարգը, մինչդեռ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025թ. հունվարի մեկից ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացվել ներմուծման օրը ներառող ամսում և նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել են այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը և վճարվել է ներմուծման ԱԱՀ-ի գումարը։ Սակայն եթե ներմուծման ամսում տնտեսվարողը վերոնշյալ երկու պահանջը չի կատարել, ապա այս դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը կարող է իրականացնել հաջորդ ամսում, այսինքն՝ տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե, իհարկե, մինչև այդ ամսվա 20-ը վճարել է ԱԱՀ-ն և ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր։
Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյուքնում տնտեսավորները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական հոսքերն ու ժամանակը։