
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝
- գործարար միջավայրի բարելավում.
- պետություն-մասնավոր համագործակցության խորացում.
- շինարարության և կառուցապատման ոլորտի ձեռնարկատիրությունների խթանում.
- օրենսդրական դաշտի կատարելագործում։
Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են գործել համատեղ՝ օգտագործելով իրենց լիազորությունները, գործառույթներն ու հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման համար։
Համագործակցության հիմնական ուղղություններն են՝
- միմյանց աջակցություն ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում.
- օրենսդրական նախաձեռնությունների մշակում և անհրաժեշտ իրավական ակտերի առաջարկում.
- կառուցապատման և շինարարության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս եռակողմ հուշագիրը ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. «Սա կարևոր քայլ է ոլորտի կայուն զարգացման և տնտեսության ընդհանուր առաջընթացի ապահովման ուղղությամբ»։