Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սպառողի շահերի պաշտպանության հետ կապված, օրինակ, վերցնենք արտադրանքը, որը պայմանավորում են համապատասխան իրացնող կառույցի հետ, և այլընտրանք չի լինում։ Այդ կարգի արատավոր երևույթը 30 տարի՝ դեռ մինչև այսօր, պահպանվում է։ Շատ կազմակերպություններ վաճառում են մի ապրանք՝ արտադրողի հետ պայմանավորված, երկրորդ կամ երրորդ տարբերակ չառաջարկելով։ Այդ դեպքում սպառողը չի կարողանում կատարել ընտրություն։

Նման դիտարկում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հարց ուղղելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Պապոյանը նշեց, որ այս հարցը նախորդ շաբաթ քննարկել են՝ թե՛ սպառողի պաշտպանության, թե՛ տնտեսվարողի վաճառքի իրավունքի տեսանկյունից։ «Բնականաբար, եթե շուկայում գերիշխող դեր ունի որևէ մեկը, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պարտավոր է սկսել այդ վարույթը, իսկ եթե չունի գերիշխող դիրք, ապա այս դեպքում դիմումների հիման վրա պետք է լինի, որը կարող է լինել թե հրապարակային և թե անանուն»։

Սուքիասյանը շեշտեց, որ առաջին հերթին դպրոցից պետք է սկսել, որպեսզի բնակչությունը գիտակցի, որ պետք է ընտրի հայկականը։ Նա նշեց, որ այն պետք է միանման ընդհանուր գունային գամայի մեջ լինի, հավելելով, որ հայաստանյայան արտադրողները շատ դեպքերում չունեն այն ուժը՝ պայմանավորվածություն ձեռք բերելու իրացնողի հետ, մինչդեռ միջազգային բրենդները, քանի որ հայտնի են և կիրառում են մարկետինգային մեծ քայլեր, կարողանում են անել դա։

Պապոյանը սրան ի պատասխան հայտնեց, որ հիմա կառավարությանը առաջարկ է արվել ստեղծել ընդհանուր «Made in Armenia» բրենդը, որպեսզի լինեն դրանք պետական կառույցներ, բիզնես, տուրիստական միջոցառումներ թե առողջապահականներ՝ բոլորը մեկ բրենդի տակ հանդես գան։

195