Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հերթական նիստին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առանձնացրեց երկրում շաքարի սահմանափակման խնդիրը։ Նա այս թեմայով հարց ուղղեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։

«Առաջարկում եմ իրականացնել համապարփակ բարեփոխումներ սննդի արտադրության և մատուցման ոլորտում՝ նպատակ ունենալով էականորեն նվազեցնել շաքարի օգտագործումը»,- նշեց պատգամավորը։

Նա առանձնացրեց երկու բաղադրիչ․ առաջինը՝ առողջապահական, երկրորդը՝ տնտեսական։ «Առողջապահական առումով ՀՀ-ում շատ մեծ քանակությամբ շաքար է օգտագործվում ալյուրի մեջ։ Զարգացած երկրներում մեկ կիլոգրամի սահմանափակում կա շաքարի օգտագործման, որը Հայաստանում չի սահմանափակվում»,- նշեց պատգամավորը։

Նա արեց ևս մեկ կարևոր դիտարկում․ «Մյուս կարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում կա ընդեղեն, մրգեղեն, Հայաստանում այդքան ջրամբարներ են կառուցում, որպեսզի կարողանանք գյուղմթերքներ ունենալ, ունենք տարբեր հատապտուղներ։ Բայց ոչ մի ձևով սրանով չեն զբաղվում։ Օրինակ՝ ծխելը առաջարկեցինք թույլ չտալ, բայց սա ծխելուց քիչ վնաս չի տալիս մեր քաղաքացիներին։ Զարգացած երկրներում սահմանափակում են շաքարի օգտագործումը, դրանց փոխարեն օգտագործում են բնական նյութեր ու արտադրանք։ Դրանով մարդիկ, ովքեր 40 տարեկանում պետք է հիվանդանային, 50 տարեկանում են հիվանդանում այդ նույն հիվանդությամբ։ Բացի այդ, եթե Հայաստանում արգելենք և առաջին տարիներին առաջարկենք, որ վաճառվող ապրանքի 60 տոկոսը լինի ընդեղենով կամ օշարակով, մենք կունենանք այդ քանակը, եթե ոչ, ապա խանութներին և ռեստորաններին կարող ենք առաջարկել, որ իրենց վաճառքի 40 տոկոսը լինի առանց ալյուրի՝ մեր ՀՀ-ի մթերքներով»,- նշեց նա։

Հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ անցյալ տարիներին քննարկումներ են եղել Կառավարությունում։ Նա ասաց, որ  ֆինանսների նախարարը շրջանառում էր հարկման առանձնահատուկ կանոններ կիրառելու տարբերակ։ Խաչատրյանը հավելեց սակայն, որ առաջ են գալիս մի շարք հարցեր՝ կապված շաքարի փոխարինիչների լայն կիրառման հետ։ Առողջապահական առումով այդ փոխարինիչները, որոնք այլ կերպ կարող են օգտագործվել, արդյոք ունեն համեմատելի կամ նվազ բացասական ազդեցություն։

Սուքիասյանը իր հերթին բերեց արտասահմանյան օրինակը։ «Եվրոպայում երկու խնդիր կա․ առաջինը՝ վաճառվող ապրանքի մեջ սահմանափակում կա՝ մեկ կիլոգրամ ալյուրին շաքարավազի տոկոսը կամ քաղցրավենիքի մեջ տոկոսը։ Երկրորդը՝ ներմուծելիս, որպեսզի պաշտպանեն իրենց շաքարավազի գործարանները, հարկման տոկոսադրույքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Եթե օշարակ ես ներմուծում այդ երկիր, միանգամից դառնում է 40-50 տոկոս վճարելի շաքարավազի համար։

Իսկ քաղաքացիներին խանութներում և սրճարաններում հստակ ասված է նորմատիվով, որ այսքանից ավել թույլ չի տրվում։ Տնտեսական առումով մենք այդքան պտուղ ունենք, ինչը կարող է առողջ հասարակություն ապահովել։ Եթե նախարարությունները կարողանում են մտածել՝ ինչպես էր ծխելը արգելվել սրճարաններում, մարդիկ հաճույք էին ստանում, եկեք հիմա նույնը անենք շաքարի հաճույքի հետ»,- նշեց նա։

Փոխվարչապետը նշեց, որ կուսումնասիրեն և կտան իրենց դիտարկումները։

182