Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի շրջանակներում մարտի 10-13-ը ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի թիմը այցելել է Հայաստան:

 

Այցի շրջանակներում քննարկվել են ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով առկա հանձնառությունների կատարման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացված աշխատանքները և ձեռնարկված բարեփոխումները։

 

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մոնիթորինգային թիմի հետ հանդիպմանը շեշտել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի գնահատման և մոնիթորինգի գործընթացի կարևորությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՏՀԶԿ կողմից ներկայացվող առաջարկությունները հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների համար կարևոր ուղենիշներից են Հայաստանի համար։ Մոնիթորինգային թիմը հանդիպումներ է ունեցել նաև հասարակական կազմակերպությունների, հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումների, Հակակոռուպցիոն կոմիտեի, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ներկայացուցիչների հետ:

 

Բացի այդ, հանդիպումներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի, տարբեր ատյանների դատավորների, պետական կառավարման համակարգի, անկախ և ինքնավար մարմինների մի շարք ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, շահերի բախման և հայտարարագրման առկա կառուցակարգերի, ազդարարների պաշտպանության մեխանիզմների, դատական և դատախազական համակարգերի անկախությանն առնչվող, ինչպես նաև ՏՀԶԿ գնահատման ոլորտում գտնվող մի շարք այլ հարցեր:

 

ՏՀԶԿ պատվիրակության անդամները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 2023 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները։

123