
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ՝ նպաստել սահմանի երկայնքով և սահմանամերձ տարածքներում երկու կողմից էլ կայունության և խաղաղության գործընթացին։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Տասյանկ անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից, իրենց գործունեությունը ծավալելուց հետո մենք էական, լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել, դա ինչ-որ առումով, կարծում ենք, որ նրանց գործունեության շնորհիվ է, հետևաբար մենք իսկապես երախտապարտ ենք և գնահատում ենք, նրանք շարունակում են, և քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են մնալ»,- ասաց նախարարը։
Միրզոյանը նշեց, որ երբ պայմանագիրը ստորագրվի և մտնի ուժի մեջ, դա կնշանակի, որ հաստատված է խաղաղություն․ «Իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, թե ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել»։