
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերի նախկին նախագահ Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Ջասթին Թրյուդոյին։
Կանադա-ԱՄՆ առևտրային ոլորտում լարվածության և Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, Քարնին իր առաջին ճեպազրույցում խոստացել է, որ նման բան երբեք չի լինի:
«Մենք սկզբունքորեն տարբեր երկրներ ենք»,- հավելել է նորանշանակ վարչապետը, շեշտել՝ ԱՄՆ-ից և Թրամփից հարգանք է ակնկալում: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մեկնելու է Լոնդոն և Փարիզ, իսկ Վաշինգտոն այցելության մտադրություն դեռ չունի: Միաժամանակ, Մարկ Քարնին շեշտել է, որ հարգում է Թրամփին և ցանկանում է բարելավել ԱՄՆ-ի հետ գործակցությունը:
Վարչապետը հավելել է, որ իր կաբինետը կենտրոնանալու է հատկապես երկու առաջնահերթության ուղղությամբ՝ պաշտպանել կանադացի աշխատողներին և նրանց ընտանիքներին արտաքին առևտրի ոլորտում փոփոխությունների հետևանքներից և հարստացնել Կանադայի ժողովրդին: