
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Ողջունելով դեսպանին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է կրթության ու գիտության ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությանը, ընդգծել մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւ ծրագրերի:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փորձի փոխանակումն ու սերտացումը հատկապես բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: «Նշված երկու ոլորտները մեր հանձնաժողովի առաջնահերթություններն են, եւ ուրախ կլինեմ, որ նաեւ դեսպանի աջակցությամբ այս ոլորտներում մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնենք, քանի որ այս ոլորտներում գերմանական փորձից շատ բան ունենք վերցնելու»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Դեսպանի առաջարկով Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին, այդ հարցում հայկական սփյուռքի դերակատարությանը: «Մշակույթը եւ ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»,- մասնավորապես ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող վիզաների՝ կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գերմանական մշակույթի օրեր եւ Գերմանիայում՝ հայկական մշակույթի օրեր անցկացնելու հարցը, ինչը երկուստեք կարեւորվել է մշակութային համագործակցության տեսանկյունից: