
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 18-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող և ԵՄ հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ առանձնահատուկ կարևորություն է ցուցաբերում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, և Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով։
Այնուհետև կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների կիրառմանը և այլ հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության արդիականացման, արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին ստանդարտացման համակարգի համապատասխանեցման, «կանաչ» տնտեսության զարգացման, Հայաստանում ՓՄՁ զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: