Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության  նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը:  Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ բժշկական ծառայությունների հասանելիությունը և բարելավվել դրանց որակը: Արձանագրվել է մանկական մահացության ցուցանիշի նվազում: Բարելավվել է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացը:

Մասնավորապես նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է   չարորակ նորագոյացություններով բուժառուների վիրահատական և ոչ վիրահատական՝ քիմիաթերապևտիկ ու ճառագայթային բուժման, բժշկական օգնության և սպասարկման շուրջ 66.252 ծառայություն, 2023 թվականին` շուրջ 50.000: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվել է  5187 հետազոտություն, 2023 թվականին՝  2149 նման հետազոտություն:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով իրականացվել է 4462 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն, 2023 թվականին` 9681, մատուցվել է սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման  15.305 վիրահատական ծառայություն՝ 2023 թվականի 13.146-ի համեմատ: Իրականացվել է սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2682 ծառայություն, 2023 թվականին իրականացվել է 2530 նման վիրահատություն: Գլխուղեղի կաթվածների ծրագրի շրջանակում մատուցվել է 789 ծառայություն, 2023 թվականին` 770, աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակում մատուցվել է 84 ծառայություն, 2023 թվականին` 67: Մատուցվել է օրգանների փոխպատվաստման 83 ծառայություն (երիկամի փոխպատվաստման` 22, լյարդի փոխպատվաստման` 4, ոսկրածուծի/ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման` 57 վիրահատություն:  2023 թվականին մատուցվել է 68 փոխպատվաստման ծառայություն:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից կազմակերպվել է բուժառուներին ուղղաթիռով տեղափոխման 42 թռիչք: 2023 թվականին իրականացվել է 65 թռիչք: Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը հայտնել է, որ  2024 թվականին հանրապետությունում նվազել է ծնելիությունը: «Սա մեզ համար ահագնացող խնդիր է»,- ասել է նա:

Պատգամավորների հարցերը վերաբերել են ոլորտում իրականացված բարեփոխումներին, հիվանդությունների վաղաժամկետ հայտնաբերմանը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը, սոցփաթեթների շահառուների սպասարկման հարցում առաջացած խնդիրներին, պետպատվերի շրջանակում մատուցվող բուժծառայություններին, ծրագրերի ֆինանսավորմանը, աշխատավարձերի ուշացմանը, պետպատվերով իրականացվող վիրահատությունների ժամանակ  հիվանդներից երբեմն պահանջվող գումարներին՝ գործիքների համար, դիակային օրգանների փոխպատվաստմանը, էլեկտրոնային դեղատոմսերին և այլն:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

125