Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
«Ուրախ էի հանդիպելու COP17-ի շրջանակում այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին:
Քննարկեցինք վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները. այն կնպաստի մեր երկրում առողջության իրավունքի արդյունավետ իրացմանը:
Ներկայացրի նաև դեկտեմբերի 4-ին կայանալիք Առողջապահական գրագիտության նախարարական բարձր մակարդակի համաժողովին և Հռոմի հռչակագրին միանալու նախապատրաստական աշխատանքները:
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք ընդլայնելու համագործակցության շրջանակը»,- գրել է նախարարը: