Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից:

Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված և կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով:

Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալված անձանց պահման վայր բերվելուց հետո ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսվում է նաև հնարավորություն, որով բժշկական զննությանը կկարողանա մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:

Փոխնախարարի խոսքով ներկայում Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունն իրականացվում է շտապ բժշկական օգնության բժիշկների միջոցով, ինչը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկում է դրական պրակտիկա: Այդ հանգամանքը արձանագրված է եղել Կառավարության որոշմամբ, այժմ առաջարկվում է ամրագրել օրենքում:

Առաջարկվում է սահմանել նաև ձերբակալված և կալանավորված անձին բժշկական զննության ենթարկած բժշկի կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված արձանագրության դեպքերը, եթե առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը կամ դիմումը կամ նմանատիպ նախանշաններ է հայտնաբերել բուժաշխատողը կամ ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ծառայողներն են բուժաշխատողին դիմել ու հայտնել նման ենթադրյալ վերաբերմունքի դեպքերի մասին: Նախատեսվում է նաև սահմանել լիազորող նորմեր, որոնցով լիազորություն կտրվի Առողջապահության նախարարին սահմանելու այդ արձանագրության ձևը և դրա լրացման կարգը: Լրացումից հետո նման արձանագրության մասին պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացվի Քննչական մարմնին և Դատախազությանը, հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով: Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ այս մասով առաջարկ է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Ըստ առաջարկի՝ այդ դեպքերը պետք է ամրագրվեն նաև բժշկական ընդհանուր էլեկտրոնային համակարգում՝ Արմեդ-ում: Փոխնախարարի խոսքով առաջարկն ընդունելի է, սակայն տեխնիկական տեսանկյունից առավել նպատակահարմար է իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը մանրամասնել է որոշ դրույթներ:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

79