
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի շարք առաջարկներ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Արսեն Թորոսյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Զարուհի Բաթոյանի կողմից: Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ ընդունվել են Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերել են արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելուն եւ ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն: Ըստ առաջարկի՝ առաջին խախտման դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, նախկին երեքի փոխարեն եւ տուգանային 1 միավորի կիրառում: Երկրորդի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ նախկին հնգապատիկի փոխարեն եւ կրկին 1 տուգանային միավոր: Նախկինում վերոնշյալ խախտումների դեպքում տուգանային միավոր չի հանվել:
Արմեն Խաչատրյանը նշել է, որ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը, ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: