Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Օդերևութաբանի միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է․


«Օդերևութաբանների վատ կանխատեսումներն իրականանում են։ Մեր կլիման տաքանում է։ Օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, և յուրաքանչյուր երկիր զգում է այս ամենի հետևանքները՝ հրդեհների, ջրհեղեղների կամ աննախադեպ փոթորիկների տեսքով։

Այս տարվա Օդերևութաբանի համաշխարհային օրվա թեման՝ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը», հիշեցնում է մեզ, որ նոր կլիմայական իրականությունում վաղ նախազգուշացման համակարգերը շքեղություն չեն։ Դրանք անհրաժեշտություն են և խելամիտ ներդրում, որն ապահովում է գրեթե տասնապատիկ եկամուտ։

Այնուամենայնիվ, աշխարհի երկրների համարյա կեսը դեռևս չի օգտվում կյանքեր փրկող այդ համակարգերից։ Անընդունելի է, որ թվային տեխնոլոգիաների դարում մարդիկ շարունակում են վտանգել իրենց կյանքը և կենսապահովման միջոցները, քանի որ չունեն հասանելիություն արդյունավետ վաղ նախազգուշացման համակարգերին։

ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» նախաձեռնության նպատակն է մինչև 2027 թվականը հասնել նրան, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած կետում պաշտպանված լինի նախազգուշացման համակարգով։

Աշխարհը պետք է միավորվի և խթանի գործողություններն ու ներդրումները՝ այս նպատակը կյանքի կոչելու համար։

Պետք է բարձր մակարդակի քաղաքական աջակցություն ապահովել այս նախաձեռնության համար՝ խթանելով համագործակցությունը կառավարությունների, բիզնեսների և համայնքների միջև, ինչպես նաև մեծացնելով ֆինանսական աջակցությունը։ Շատ կարևոր է Բազմակողմանի զարգացման բանկերի վարկային հնարավորությունների ընդլայնումը։

Անցած տարի ընդունված «Ապագայի դաշնագիրը» կարևոր քայլ է, որը պետք է ամբողջությամբ իրականացվի, ինչպես նաև Կողմերի Կոնֆերանսի՝ «COP29»-ի ֆինանսական արդյունքները։

Միևնույն ժամանակ, մենք պետք է խորացնենք ջանքերը կլիմայի ճգնաժամը կանխելու համար՝ արագ և հիմնովին կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները ՝ դրանով իսկ կանխելով իրավիճակի աներևակայելի վատթարացումը։

Այս տարի բոլոր երկրները պետք է կատարեն իրենց խոստումը՝ ներկայացնելով նոր կլիմայական գործողությունների ազգային ծրագրեր, որոնք համահունչ են գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5°C-ով սահմանափակելու նպատակին։

Կլիմայական աղետների դարաշրջանում յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանված լինի վաղ նախազգուշացման համակարգով։ Եկե՛ք միասին իրականություն դարձնենք այս նպատակը»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

226