Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը:

«Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն պետք է անպայման նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ հանդիսականների մի փոքր մասը ներխուժեց խաղադաշտ և տհաճ իրավիճակ ստեղծեց ինչպես դաշտում, այնպես էլ հյուր թիմի տրիբունայի մոտ:

Անընդունելի է նման վերաբերմունքը հյուր թիմի երկրպագուների նկատմամբ: Այդ բացարձակ անթույլատրելի գործողությունների պատճառով մենք վիրավորեցինք ինչպես հյուր թիմի երկրպագուներին, այնպես էլ մեր հավաքականին հնարավորություն չտվեցինք հավատարիմ երկրպագուների հետ միասին տոնելու հաղթանակը:

Նման վարքը վնասում է ֆուտբոլին և ստվեր է գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա: Այս դեպքը կարող է պատճառ դառնալ ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը, ինչը կվնասի մեր հավաքականին և վրացական ֆուտբոլի երկրպագուներին:

Շնորհակալություն հյուր թիմին և նրանց երկրպագուներին, որոնք Թբիլիսիում և Երևանում ընկերական միջավայր ստեղծեցին: Հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին՝ բարձր մակարդակով հյուրընկալության համար: Երկու երկրների միջև սերտ կապը սպորտային առումով հաստատում է նաև Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտը՝ հյուրընկալելու աշխարհի ամենահեղինակավոր առաջնություններից մեկը: Հույս ունեմ, որ 2029 թվականին Վրաստանը և Հայաստանը կդառնան ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալողներ:

Ֆուտբոլը միավորում է մեզ և ստեղծում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր անդամին, թիմի ողջ կազմին և մարզչական շտաբին, որոնք փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում ցուցաբերեցին անհավանական նվիրվածություն և հաղթողի մտածելակերպ»,- նշել է Կոբիաշվիլին։

420