
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 22-23-ը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո կայացել է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը արգելքների հաղթահարում մրցաձևում։
Հայաստանի ձիասպորտի երեք ակումբներից 10-ից ավելի մարզիկներ և տարբեր նժույգներ մասնակցություն են ունեցել երկու մրցաձևերում․ մասնակցել են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Միրաժ», «Սիլ», «Արա և Այծեմնիկ» ակումբներից։ Մրցութային երկու օրերին մարզիկները հանդես են եկել նաև սիրողական դասում։
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի համակարգող Աստղիկ Նահապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է՝ նման մրցաձևերում ակումբների ու մարզիկների ակտիվությունը բարձր է, դրա համար նախատեսվում է հաջորդ անգամ ավելի շատ մարզիկների ու ակումբների մասնակցություն:
«Մարզիկների մոտիվացիան իրականում ունի հեռանկարային նշանակություն, որպեսզի ակտիվությունն այս սպորտաձևում ավելանա։ Մեր առաջնությունների հաղթողները մշտապես համալրում են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի հավաքականը, անցկացվում է գավաթների խաղարկություն։ Այսօրվա մրցումը առաջնություն չէ, բայց Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունն անցկացվում է 15 տարուց ավելի»,- ասել է նա։
Մրցանակային ֆոնդն այս անգամ կազմել է կես միլիոն դրամ, հայտնել է Նահապետյանը։ Այն բաժանվել է երեք մրցույթային կատեգորիաների միջև․ մի մասը հատկացվել է գավաթի սիրողական կատեգորիայում հաղթող ճանաչված մարզիկներին, մյուս մասը՝ ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկության և Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի հաղթողներին։ Մրցանակային պարգևներից բացի, եղել է նաև կարևոր փոխանցիկ հուշագավաթի տրամադրում այն մարզիկին, որն առաջին տեղն է զբաղեցրել Հ․ Հայրապետյանի փոխանցիկ հուշագավաթի շրջանակում։
Մրցույթի հաղթողները որոշվել են՝ ըստ երկու օրերին մարզիկների ստացած միավորների ընդհանուր հաշվարկի։
Մարզիկները վստահել են իրենց նժույգին, նժույգներն էլ՝ իրենց մարզիկներին։ Համատեղ վստահության շնորհիվ «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը միանգամից մի քանի մրցանակի հաղթող է ճանաչվել։ Վերջինիս ձին՝ «Լոգիկա» անունով, ևս արժանացել է մրցանակների։
Այսպիսով՝ Հ. Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթը նվաճել և առաջին, երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցրել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը։ ՀՁՖ գավաթի մրցույթի երկրորդ և երրորդ հորիզոնականում ևս հայտնվել է Սուքիասյանը։
Նա մեզ հետ զրույցում ընդծել է․ «Շատ հաջող անցավ մրցաշարը, մեծ զարգացում կա, ձիերը նույնպես շատ լավ պատրաստ էին։ Այս տեմպերով կարելի է միջազգային լուրջ արենաների մասին մտածել։ Մարզիկի համար սա մեծ փորձ էր»։
ՀՁՖ գավաթը նվաճել է նաև Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Դավիթ Խալաթյանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
ՀՁՖ Գավաթի սիրողական դասում հաղթել են Դավիթ Խալաթյանը՝ առաջին հորիզոնական, Քսենյա Զապատրինա՝ «Արա և Այծեմնիկ» ակումբ՝ երկրորդ հորիզոնական, Եկատերինա Նուժդինան՝ Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն՝ երրորդ հորիզոնական: