
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրում ևս 4 մարզ է ընդգրկվել՝ Արմավիրը, Լոռին, Կոտայքը և Տավուշը:
Ապրիլից ծրագրից կկարողանան օգտվել Արմավիրի մարզի Մեծամոր և Լոռու մարզի Վանաձոր համայնքների դպրոցականները։ Սեպտեմբերից ծրագիրը հասանելի կլինի նաև Կոտայքի մարզի Հրազդան և Տավուշի մարզի Իջևան համայնքների դպրոցականների համար: Նախորդ տարեվերջից ծրագրի շահառու են հանդիսանում նաև Ապարան համայնքի դպրոցականները, որոնք մարզումներն անցկացնում են Արագած բնակավայրի լողավազանում:
Ծրագիրն իրականացվելու է Մեծամոր և Վանաձոր համայնքների մարզահամալիրներում, Հրազդանի և Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, որոնք հաղթող են ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներում:
ՀՀ կառավարության որոշմամբ ավելացել են լողի անվճար պարապմունքների խմբերը. յուրաքանչյուր տարիքային խմբում նախկին մեկի փոխարեն ծրագրի շահառու կդառնան երեքական խմբեր։ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար: 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկան երեխաները: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում է 10-12 երեխա։ Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:
Ծրագրին մասնակցում են լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող և հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտները: Դպրոցականների մասնակցությունն իրականացվում է հայտագրման միջոցով՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Էլեկտրոնային օրագիր» դաշտում:
Մասնակիցների սահմանված քանակը լրանալու պարագայում հայտ ներկայացրած մյուս սովորողները ստանում սպասողի կարգավիճակ՝ հետագայում ձևավորվող խմբերում ընդգրկվելու կամ ազատ տեղ առաջանալու դեպքում գործող խմբերում ներգրավվելու նպատակով:
Պարապմունքներն իրականացվում են 9 ամիս անընդմեջ տևողությամբ. մարզումների իրականացման ժամանակահատվածը սահմանում է համապատասխան լողավազանի տնօրենությունը:
Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: