
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրակաշառք առաջարկելու վարույթի շրջանակներում օրերս ձերբակալված, ապա դատարանի դահլիճից ազատ արձակված Կարեն Գրիգորյանը՝ Մարտուն Գրիգորյանի որդին, չի աշխատում, սակայն տուն, հողամաս, մեքենաներ ու մի քանի միլիոն դրամ գումար ունի։ Այս մասին է վկայում ԿԸՀ կայքում հրապարակված վերջինիս հայտարարագիրը, որի «աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում կրտսեր Գրիգորյանը որևէ բան չի նշել։ 24-ամյա Գրիգորյանը, որը «Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականում է, Երևանի Գրիբոյեդով փողոցում գտնվող մեկ բնակարան է հայտարարագրել, մեկ ավտոկայանատեղի, մեկ հողամաս Գյումրիի Լալայան փողոցում (716,06 քառ. մետր մակերեսով)։ Բոլոր այս գույքերը Գրիգորյանին են պատկանում սեփականության իրավունքով։ Վերջինս նաև 5 տրանսպորտային միջոց է հայտարարագրել՝ 1 «Ֆորդ Տրանզիտ» միկրոավտոբուս (2011 թ.), 1 «Տոյոտա Ալփարդ» (2005 թ.), 1 «Օպել Զաֆիրա» (2002 թ.) և երկու «Տեսլա»՝ մեկը 2018 թ., մյուսը՝ 2019 թ. արտադրության։ Պատգամավորի որդին որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև 30 մլն ՀՀ դրամ դրամական միջոց։
Նշենք, որ քարոզարշավի ժամանակ կայքերից մեկի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս լինել ապահովված աղքատ մարզում և քաղաքում, մասնավորապես նշել էր. «Ինձ բոլորը Գյումրիում լավ ճանաչում են, գիտեն, որ ես ապահովված ընտանիքից եմ եղել, իմ պապը, հայրս, հորեղբայրները, բոլորը զբաղված են եղել ժամանակին և հիմա էլ ունեն բիզնեսներ։ Ես, լինելով ապահովված ընտանիքի զավակ, 16 տարեկանից աշխատել եմ, իմ տղան էլ 16-17 տարեկանից սկսած աշխատել է ու շարունակել ավելացնել իմ ստեղծածը»։ Թե մասնավորապես որտեղ է աշխատում որդին՝ Գրիգորյանը չէր նշել։
Նշենք, որ Կարեն Գրիգորյանը հայրիկի հիմնադրած «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ-ի երիտասարդական կառույցի նախագահն է։ Պետռեգիստրի տվյալներով՝ Կարեն Գրիգորյանը 2023-ին գրանցել է «Կարեն Գրիգորյան ԱՁ»-ն։