
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում մասնակցել է սքրինինգային ծրագրի մեկնարկին: Այդ մասին հայտնում են նախարարությունից:
«Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի՝ պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել՝ պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»,- ասել է նա:
Ըստ հաղորդագրության՝ այսուհետ Լոռու մարզի 45-68 տարեկան կանանց, որոնք ներքոնշյալ խմբերից որևէ մեկի շահառու են, կրծքագեղձի սքրինինգը և դրան հաջորդող ամբողջ շղթան կապահովվի պետական պատվերի միջոցով՝
• առաջինից երրորդ կարգի հաշմանդամ.
• սոցփաթեթի շահառու.
• ունեն սոցիալական խումբ.
• ընտանիքի անդամն այդ պահին գտնվում է զինվորական ծառայության մեջ:
«Առողջապահության նախարարության այս ծրագիրը ներդրվելու է բոլոր մարզերում:
Մինչ ծրագրի ներդրումը նախ տվյալ բժշկական կենտրոնը ստանում է հավաստագիր, համալրվում են համապատասխան սարքավորումներով, մասնագետներն անցնում են վերապատրաստում:
Այս ծրագրի հիմքում կրծքագեղձի պիլոտային ծրագիրն է ու դրա հաջող ընթացքը:
Պիլոտային ծրագրով շարժական մամոգրաֆի միջոցով 4 մարզում արդեն 34.000 կին է հետազոտվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: