
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում՝ հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool - TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վեր հանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային քննարկում ԱՄՀ փորձագիտական խմբի մասնակցությամբ։ Գործընթացի մեկնարկից առաջ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի, Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի դերն ու նշանակությունը հարկային վարչարարության և պետական կառավարման գործում: «Լավ գործող հարկային համակարգը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար: TADAT-ն էական աջակցություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք ձգտում են կատարելագործել իրենց հարկային համակարգերը՝ առաջարկելով համապարփակ ախտորոշիչ գործիք, որն օգնում է բացահայտել ուժեղ կողմերը, ընդգծել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները և ցույց տալ հարկային վարչարարության առավել արդյունավետ ուղիները»,-նշել է Էդուարդ Հակոբյանը:
TADAT-ի կիրառությամբ հարկային վարչարարության համակարգի գնահատումը հաջողությամբ իրականացվել է 2016 թվականին, որի արդյունքները հաշվի են առնվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից ռազմավարության և բարեփոխումների ուղղությունների մշակման ընթացքում: Կարևորելով հարկային համակարգի զարգացման հետագա բարեփոխումների ուղղությունների նախանշումը և դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև հարկային կագապահության բարելավումը, ՊԵԿ-ը նախաձեռենել է TADAT-ի նոր գնահատում իրականացնել, ինչը, Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ լիարժեք պատկերացում կտա ներկա իրավիճակի վերաբերյալ:
ԱՄՀ փորձագետները ներկայացրել են հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի՝ TADAT-ի կիրառման մեթոդներն ու առանձնահատկությունները։ Նշենք, որ TADAT գործիքը գնահատում է հարկային վարչարարության գործունեության ելակետային վիճակը, որի հիման վրա կարելի է սահմանել բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները, իսկ հետագայում կրկնվող գնահատումների միջոցով՝ ներկայացնել բարեփոխումների ձեռքբերումները։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր պետություններում հարկային վարչարարության որակի գնահատման նպատակով: Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ հարկային մարմիններին աջակցություն ցուցաբերելիս հիմնվում են TADAT գնահատման արդյունքների վրա:
Միջոցառմանը հաջորդել է Կոմիտեի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների և ԱՄՀ փորձագետների հանդիպումը՝ համատեղ քննարկելու հարկային վարչարարության բարելավմանն ուղղված հարցեր։