armenpress.am: Հայաստանն առաջին չվերթով որպես հումանիտար օգնություն Լիբանան է ուղարկում դեղորայք և առողջապահական պարագաներ։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը նույնպես մեկնելու է Լիբանան՝ տեղում հայկական համայնքի խնդիրներին ծանոթանալու նպատակով։

 

«Մենք, շատ նրբանկատ գտնվելով, Լիբանանում մեր համայնքի շահերից ելնելով, առաջին բեռը տանում ենք Լիբանանի ժողովրդի, Լիբանանի պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս Լիբանանի հայկական համայնքին և ոչ թե Լիբանանի ողջ ժողովրդին։ Երկրորդ չվերթով արդեն հայկական համայնքի համար կլինի պարենամթերք, այն ամենը, ինչ համայնքն անհրաժեշտ է համարում ըստ ցուցակների, որոնք արդեն ստացել ենք։ Նույնը նաև երրորդ չվերթով։ Շատ կարևոր ենք համարում, որպեսզի Լիբանանի ժողովուրդը հասկանա, որ մենք հիշում ենք այն դրական դերը, որ նրանք խաղացել են մոր ժողովրդի ճակատագրում, մանավանդ Ցեղասպանությունից հետո, երբ նրանք թույլ են տվել, որ մեր հայրենակիցներն այնտեղ հաստատվեն և բարգավաճեն երկար տարիներ»,- նշեց նա։

 

Նա հավելեց, որ Լիբանան են գնում այնպիսի պայմաններում, երբ երկիրն ալեկոծված է։

 

«Բայց Լիբանանի ժողովուրդը մեզ համար  եղբայրական ժողովուրդ է, պետությունն էլ մեզ համար եղբայրական պետություն է»,- ասաց Սինանյանը։

381