
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի խորհրդարանների միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարևորել է Նորվեգիայի Ստորտինգի նախագահի Հայաստան կատարած այցը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) խորհրդարանների ղեկավարների ձևաչափով: Նա նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակացությունների ընթացքը՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այն:
Այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սիվ Մոսլեթի, պատվիրակության անդամներ Ալեքսանդր Ստոկեբոյի և Յան Տորե Սաների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ինչպես նաև վեհաժողովում Հայաստանի և Նորվեգիայի պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նորվեգացի պատգամավորները ներկայացրել են նաև Նորվեգիայի ներքաղաքական իրավիճակը՝ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Օսլոյում հանդիպել է նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը ՀՀ ԱԺ կարողությունների զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության, ինչպես նաև ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրին ֆինանսական հատկացումներ կատարելու համար: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքը: Էյվին Վադ Պետերսոնը կարևորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը՝ ընդգծելով դրա՝ հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերություններին ու հեռանկարներին: