
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ:
Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը: